1945 թ. հուլիսի 23-ին Փարիզում դատական գործընթաց սկսվեց կոլաբորացիոնիստական (թշնամու հետ համագործակցող) «Ֆրանսիական պետության» ղեկավար Ֆիլիպ Պետենի նկատմամբ։ Զառամյալ մարշալին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության մեջ և դատապարտեցին գնդակահարության։ Սակայն ֆրանսիական Դիմադրության ղեկավար և Պետենի նախկին ենթակա, գեներալ Շառլ դը Գոլը մահապատիժը փոխարինեց ցմահ բանտարկությամբ։
Ֆիլիպ Պետենը առավել խոշոր զորապետերից մեկն էր Առաջին համաշխարհային պատերազմում։ 1916 թ., որպես բանակների հրամանատար, նա ղեկավարում էր Վերդենին տիրելու մարտերը։ Այդ ճակատամարտում ձեռք բերած հաջողության համար ռուսական կայսր Նիկոլայ 2-րդը Պետենին պարգևատրեց սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ 13 տարի անց մարշալը գիրք հրապարակեց այդ իրադարձությունների մասին («Վերդենի պաշտպանությունը»), որը 1930-ականներին լույս տեսավ ԽՍՀՄ-ում։ Խորհրդային հեղինակի գրած ծանոթագրության (անոտացիա) մեջ նշվում էր, որ Պետենի գրվածքն «անկասկած հետաքրքիր է Կարմիր բանակի հրամանատարների համար»։
Իր ռազմական սխրանքների շնորհիվ Պետենը փառք ու վիթխարի հռչակ ձեռք բերեց ողջ Ֆրանսիայում։ Որպես Առաջին համաշխարհային հերոս նա մեծարվում էր երկու այլ մարշալներին` Ֆերդինանդ Ֆոշին և Ժոզեֆ Ժոֆրին, համահավասար։ Նրանց մահից հետո Պետենը դարձավ իր երկրի գլխավոր զինվորական հեղինակությունը։ Աջերը նրան սրբապատկեր էին դարձրել` հանդես գալով «Մեզ պետք է այնպիսին, ինչպիսին Պետենն է» կարգախոսով։
Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը կենդանի լեգենդին դարձրեց հանցագործ։ Հավանաբար, ձգտելով բանակը ոչնչացումից փրկելու, ֆրանսիական զորքերի ջախջախումից հետո մարշալը գործարքի գնաց Երրորդ ռայխի հետ։
1940 թ. հունիսի 17-ին ֆրանսիական կառավարության նոր ղեկավար Պետենը, փոխարինելով դիմադրությունը շարունակել ցանկացող Ժան Ռեյնոյին, գերմանացիներից հաշտություն խնդրեց։ Դրա հետևանքը եղավ Ֆրանսիայի բաժանումը օկուպացիոն գոտու, որի մեջ մտավ երկրի նախապատերազմյան տարածքի մոտավորապես 3/5 մասը, և այսպես կոչված «Ֆրանսիական պետության», որը ղեկավարում էր ֆաշիստամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը (մայրաքաղաքն էր առողջարանային Վիշի քաղաքը)։ Դիկտատորական լիազորություններով օժտված 84-ամյա Պետենի վերահսկողության տակ էին երկրի հարավային մասը և բոլոր գաղութները։ Գերմանիան բռնագրավեց Էլզասն ու Լոթարինգիան, որոնք գերմանացիների ու ֆրանսիացիների բազմադարյան վեճի առարկա էին։ Ֆրանսիայի հյուսիսային դեպարտամենտները միացվել էին Բելգիային։
1940 թ. հունիսի 18-ին գեներալ Շառլ դը Գոլը ֆրանսիացիներին կոչ արեց շարունակելու դիմադրությունը նացիստական Գերմանիային` չնայելով Պետենի կառավարության կոլաբորացիոնիստական քաղաքականությանը։ Գեներալը ռադիոյով համաքաղաքացիներին դիմեց Լոնդոնից, ուր մեկ օր առաջ փախել էր Բորդոյից։ Ֆրանսիայի ռազմական նախարարի նախկին տեղակալը Պետենին մեղադրում էր դավաճանության մեջ և հայտարարում, որ «պարտքի լիակատար գիտակցությամբ ելույթ է ունենում Ֆրանսիայի անունից»։
Այսպիսով, հայտնվեց կարծես թե երկու Ֆրանսիա. պարտվողական, հայտնի որպես «Ֆրանսիական պետություն» կամ Վիշիի վարչակարգ, և «Ազատ Ֆրանսիա» (1942-ից հետո` «Մարտնչող»), որը գլխավորում էր դը Գոլը, ճիշտ է` Անգլիայից։ Գեներալին մեղադրեցին դասալքության, օրինական իշխանությանը չենթարկվելու և պետական դավաճանության մեջ, ինչի համար Պետենը նրան հեռակա կարգով դատապարտեց մահապատժի։
Իրավիճակին դրամատիզմ էր հավելում այն փաստը, որ ներկայիս թշնամին երկար տարիներ եղել էր դը Գոլի պետը. 1912 թ. նա զինվորական կարիերան սկսել էր հետևակային գնդում` գնդապետ Պետենի հրամանատարության ներքո, իսկ 1921 թ. իր որդուն Ֆիլիպ անվանեց ի պատիվ փառապանծ մարշալի և Առաջին համաշխարհային պատերազմի հերոսի։ Եթե չլիներ դաշինքը Հիտլերի հետ, Պետենը, անկասկած, պատմության մեջ կմտներ որպես Ֆրանսիայի առավել պաշտելի զորավարներից մեկը։ Թեև շատերի հիշողության մեջ նա այնուամենայնիվ մնաց որպես հայրենասեր պահպանողական, որը ձգտում էր փրկելու իր ազգը։
1940 թ. հոկտեմբերի 24-ին Պետենն անձամբ հանդիպեց Հիտլերի հետ և նրան լիակատար աջակցություն խոստացավ։
Հենց Վերդենի հերոսը մտցրեց «կոլաբորացիա» եզրաբառը. հոկտեմբերի 30-ի իր ռադիոուղերձում մարշալը ֆրանսիացիներին օկուպանտների հետ համագործակցելու կոչ արեց։ Այնուամենայնիվ, տարիքի առումով, Պետենը չէր կարող ակտիվորեն զբաղվել պետական կառավարման հարցերով։ Իսկ ֆյուրերին դուր չէր գալիս մարշալի մեծարումը որպես Առաջին համաշխարհայինում գերմանացիներին հաղթողի։ Մոտավորապես 1942-ի նոյեմբերից Պետենն սկսեց կորցնել լիազորությունները` դառնալով Գերմանիային ձեռնտու խամաճիկ։ 1944 թ. սեպտեմբերին Դիմադրության ուժերի կողմից Վիշին գրավելուց հետո նացիստները նրան ստիպեցին հեռանալու Զիգմարինգեն, որտեղ իշխանությունը վերջնականորեն կորցրած Պետենը վտարանդի կառավարություն կազմեց։
1945 թ. Պետենը Հիտլերին դիմեց Ֆրանսիա վերադառնալու խնդրանքով։ Վստահությունը վաղուց կորցրած մարշալին ֆյուրերը պատասխանի չարժանացրեց։ Հիտլերի ինքնասպանությունից քիչ առաջ Պետենը համանման խնդրանքով դիմեց դը Գոլին։ Մարշալի նախկին ենթական չմերժեց նրան, թեև երկուսն էլ հասկանում էին, որ նախկին կոլաբորացիոնիստին դատ և, հավանաբար, պատվազրկություն են սպասում։
Ապրիլի 24-ին Պետենը կնոջ հետ աննկատելիորեն հասավ գերմանա-շվեյցարական սահմանին, իսկ 26-ին Շվեյցարիայի իշխանությունները նրան հանձնեցին դը Գոլի ներկայացուցիչներին։ Ըստ այլ, ավելի քիչ գեղեցիկ տարբերակի, 1945 թ. դաշնակիցները մարշալին գերի վերցրին ու բռնությամբ տարան Փարիզ։
Հաջորդ ամիսները նախկին հերոսը, արդեն գլխավոր ֆրանսիական հակահերոս դարձած, հսկողության տակ անցկացրեց Փարիզի մի արվարձանում։ Վերջապես 1945 թ. հուլիսի 23-ին «Ֆրանսիական պետության» նախկին ղեկավարը Փարիզում կանգնեց Գերագույն դատարանի առաջ։
Չնայած իր վիճակի ծանրությանը և կյանքը պատի առաջ ավարտելու հեռանկարին, մարշալն իրեն վստահ էր պահում, եթե չասենք հանդուգն։
Նա հրաժարվեց փաստաբաններից` հայտարարելով, որ ինքն է իրեն պաշտպանելու։ Բացի դրանից, նա բողոքեց դատավորների կազմի դեմ, որի մեջ շատ էին Դիմադրության անդամները։ Մարշալը պնդում էր, որ այդ մարդիկ իրավունք չունեն իրեն դատելու։ Նա հայտարարեց, որ գործել է ի շահ Ֆրանսիայի ժողովրդի և հրաժարվեց հարցերին պատասխանելուց։
«Ինձ իշխանություն է հանձնել Ֆրանսիայի ժողովուրդը, որին ներկայացրել է Ազգային ժողովը։ Գերագույն դատարանն իր ներկայիս կազմով չի ներկայացնում ֆրանսիական ժողովրդին։ Եվ այժմ միայն նրան` ժողովրդին է դիմում Ֆրանսիայի մարշալը, պետության ղեկավարը։ Ես չեմ պատասխանելու ոչ մի հարցի։ Եվ դա միակ հայտարարությունն է, որ ես ուզում եմ անել»,- ասաց Պետենը։
Մեղադրանքը գլխավորեց գերագույն դատախազ Անդրե Մոնեն, որը 4 տարի առաջ երդվել էր Պետենի կառավարությանը։ Իր հերթին մարշալը հայտարարեց, որ միշտ եղել է Դիմադրության կողմնակիցը։
Դատավարության մասնակիցներից մեկը` հրապարակախոս Ժան-Պիեռ Բլոխը հիշում էր, որ երդվյալները մշտապես փոստով անանուն սպառնալիքներ և փոքրիկ դագաղների տեսքով խորհրդանշական նախազգուշացումներ էին ստանում։ Դատարանի դահլիճում բազմիցս մարդիկ էին հայտնվում, որոնք բարձրաձայն հավանություն էին տալիս Պետենի գործունեությանը կամ ուղղակիորեն վիրավորում դատարանին։ Այնուամենայնիվ ներկաների մեծամասնությունը, ինչպես և ֆրանսիացիների զգալի մասը, տրամադրված էր մարշալի և նրա կողմնակիցների դեմ։ Նա, գրեթե անշարժ, հեղձուկ դահլիճում նստած էր բոլոր կոճակները կոճկած, բոլոր շքանշանները կպցրած պաշտոնական համազգեստով` գործնականում չմիջամտելով դատավարությանը։
Երբ նրան սեփական պաշտպանությամբ հայտարարություն անելու հնարավորություն տվեցին, Պետենը հանգիստ ու զուսպ ձևով իրեն անվանեց «Ֆրանսիայի վահան, որն ուզում էր իր երկիրն ազատել ամենավատ ելքից»։ Իսկ դը Գոլին Պետենը կոչեց «ֆրանսիայի սուր, որը դրսից իր ձեռքը վերցրեց երկրի ազատագրման պայքարը»։
Պետենի դատը տևեց մինչև 1945 թ. օգոստոսի 15-ը։ Վկաներին լսելուց և նրան վերագրվող չարագործությունների վավերական ապացույցները ներկայացնելուց հետո մարշալին մեղավոր ճանաչեցին պետական դավաճանության և թշնամուն հանցակցելու մեջ։ Նրա նկատմամբ 13-ի դեմ 14 ձայնով մահվան վճիռ կայացվեց` զրկելով իրավունքներից և ունեցվածքի բռնագրավմամբ։
Զանազան աղբյուրներում նշվում է, որ Գերագույն դատարանի վճիռը հրապարակելիս Պետենը մնում էր կատարելապես անխռով ու կարծես թե անտարբեր սեփական ճակատագրի հանդեպ։ Մարշալն ինքը ցանկանում էր, որ իրեն մահապատժի ենթարկեն որպես սպայի։ Իր խցում նա երկու օր սպասում էր հանգուցալուծման։ Սակայն օգոստոսի 17-ին դը Գոլը ներում շնորհեց իր նախկին հրամանատարին` գնդակահարման մահապատիժը փոխարինելով ցմահ բանտարկությամբ։
Ճակատագրի հեգնանքով Պետենին ուղարկեցին Պիրենեյներում գտնվող Պորտալե ամրոցը, որտեղ Վիշիի վարչակարգը պահում էր իր քաղաքական ընդդիմադիրներին։
Երեք ամիս հետո կալանավորին տեղափոխեցին Ատլանտյան օվկիանոսի Ե կղզին, որը գտնվում էր Բրետանի ափից 20 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում բնակություն հաստատեց նրա տիկինը։ Դը Գոլի որոշմամբ նրան տրվեց ամուսնու հետ ամենօրյա մեկժամյա տեսակցության իրավունք։ 1947 թ. Պետենի մեջ սկսեցին նկատվել ծերունական թուլամտության նշաններ։ 1949 թ. վերջերին տարիքին ոչ համեմատ ամրապինդ մարշալի առողջությունն սկսեց վատանալ։ Նա գրեթե դադարեց մարդկանց ճանաչելուց, տառապում էր անմիզապահությունից և դժվարությամբ էր տեղաշարժվում առանց կողմնակի օգնության։
Ավելի մեղմ պայմաններ նրա տեղափոխման հարցը կառավարության մակարդակով քննարկվում էր մոտ 1,5 տարի։ Միայն 1951 թ. հունիսի վերջին նախագահ Վենսան Օրիոլը կարգադրեց 95-ամյա ծերունուն տեղափոխել նույն կղզու մասնավոր տուն, որտեղ նրան հսկում էր քահանան։ 1951 թ. հուլիսի 23-ին, դատի սկզբից ուղիղ 6 տարի հետո, Պետենը վախճանվեց հիվանդանոցում։ Ֆրանսիայի մարշալի համազգեստով նրան թաղեցին Պոր Ժուանվիլի գերեզմանոցում։
Փարիզի ռազմական թանգարանում կախված է Պետենի` որպես Վերդենի հերոսի դիմանկարը։ Նա դատապարտված է դավաճանության համար, բայց պահպանել է իր մարշալական մականը և ֆրանսիական ակադեմիայի անդամությունը։ Նրան մարշալ են անվանում պաշտոնական փաստաթղթերում և պատմության դասագրքերում։ 1966 թ., երբ տոնվում էր Վենդենյան հաղթանակի 50-ամյակը, Ֆրանսիայի նախագահ դը Գոլը հրամայեց ծաղիկներ դնել իր նախկին հրամանատարի գերեզմանին։ Չնայած հետմահու պատիվներին, Պետենի անունը, նորվեգիացի կոլաբորացիոնիստների պարագլուխ Վիդկուն Կվիսլինգի անվան հետ, Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում դարձել է նախ և առաջ դավաճանության խորհրդանիշ։
Газета.ru-ից թարգմանեց
Հրանտ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ